
Իզմիրլյան հիմնադրամն ընդլայնում է քաղցկեղով հիվանդ խոցելի երեխաների բուժօգնությունը Հայաստանում
Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում

Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Իզմիրլյան հիմնադրամի միջև՝ «Հայերենի դասավանդումը, թեստավորումը և գնահատումը ոչ մայրենի լեզվակիրների համար» ծրագրի իրականացումը մեկնարկելու համար։
Միջոցառման ընթացքում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և Իզմիրլյան հիմնադրամի միջև։
Նախաձեռնության նպատակը ոչ մայրենի լեզվակիրների համար հայերենի իմացության դասավանդման, թեստավորման և գնահատման համակարգի մշակումն է։
Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի վերջին թարմացման և նույն համակարգի հայերեն տարբերակի («Լեզվի ուսուցման/իմացության համաեվրոպական համակարգ. կրթություն, դասավանդում և գնահատում») հիման վրա կմշակվի հայոց լեզվի կրթության, գնահատման և ատեստավորման վեցաստիճան համակարգ (համապատասխան A1, A2, B1, B2, C1, C2 մակարդակներին)՝ դրա ներդրման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների հետ միասին։ Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Այն ոչ մայրենի լեզվակիրներին հնարավորություն կտա սովորելու հայերեն, գնահատելու իրենց լեզվի իմացությունը և ստանալու իմացության մակարդակը հավաստող վկայական։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ կարևոր գաղափարի շուրջ համախմբվելու և հիմնադրամին ցուցաբերած աջակցության համար։ «Ծրագրի անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ էր և վաղուց մեր օրակարգում էր»,— ասաց նա։ «Այս ոլորտում լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ կան։ Չնայած հայոց լեզվի զարգացման և տարածման ուղղությամբ մեր ջանքերին՝ մենք դեռևս հիմնարար գործիքների հետ կապված մարտահրավերների առջև ենք կանգնում։ Այս ծրագրով մենք վերջապես կունենանք գործիքակազմ, որը կիրառելի կլինի տարբեր ուղղություններով»,— նշեց նախարարը՝ ներկայացնելով շահառուների այն բազմազան շրջանակը, որը մեծապես կշահի ծրագրից։
«Հայաստան ժամանող յուրաքանչյուր անձ կարիք ունի հայերենի իմացության՝ միջազգայնորեն ճանաչված չափանիշների վրա հիմնված ատեստավորման և հավաստման։ Բախվում ենք նաև օրենսդրական մարտահրավերների, օրինակ՝ դատավորի կամ պատգամավորի պաշտոնների համար հայերենի իմացության պահանջները կարգավորելու անհրաժեշտությանը։ Ծրագիրը վճռորոշ նշանակություն ունի հայաստանյան բուհերում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների համար։ Նույն խնդիրը վերաբերում է նաև դպրոցներին, որտեղ արտերկրում սովորելուց հետո Հայաստան վերադարձած բազմաթիվ երեխաների հայերենի իմացության մակարդակը գնահատելը դժվարություններ է առաջացնում։ Ուստի ակնհայտ է, որ կրթական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է շարունակել հայերենի իմացության գնահատման և հավաստման ուղղությամբ տարվող աշխատանքը»,— ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև ընդգծեց ծրագրի նշանակությունը ինստիտուցիոնալ բարեփոխումներ խթանելու գործում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մշակելով հայերենի իմացության գնահատման չափանիշները, նպատակ ունի ստեղծելու համապարփակ համակարգ, որը՝ որպես մեթոդաբանություն, կիրառելի կլինի նաև այլ գործընթացների համար։ Նախարարն ընդգծեց, որ նոր ծրագիրը դիտարկվում է լեզվական քաղաքականության մշակման տիրույթում և կնպաստի այդ հայեցակարգի շրջանակի ուրվագծմանը։
Ծրագրի շրջանակում կստեղծվի մասնագիտական խումբ։ Այս խմբում կընդգրկվեն Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լեզվի կոմիտեի փորձագետներ։ Խմբի ղեկավարը կլինի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը։
Ի լրումն նախարարի խոսքի՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդգծեց, որ հայերենի իմացության գնահատման նոր համակարգը ոչ միայն կգնահատի անհատների լեզվական հմտությունները, այլև կընդլայնի սփյուռքահայերի և օտարերկրյա ուսանողների՝ Հայաստանում սովորելու հնարավորությունները։
ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն ընդգծեց նոր համակարգի ստեղծման կարևորությունը, որը կբարձրացնի հայոց լեզվի կենսունակությունը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում։ «Կարող է թվալ, թե միայն լայնորեն տարածված լեզուները կարող են նման համակարգեր մշակել կամ մասնակցել տեխնոլոգիական ոլորտին։ Սակայն ժամանակակից իրողությունները թելադրում են այլ բան. նույնիսկ սահմանափակ տարածում ունեցող լեզուները կարող են ստեղծել համակարգեր, որոնք ինտեգրվում են համաշխարհային գործընթացներին։ Այս ծրագիրը նպատակ ունի ոչ միայն լուծելու Հայաստանում լեզվական մարտահրավերները, այլև խթանելու հայոց լեզվի ավելի լայն կիրառությունը Հայաստանից դուրս»,— շեշտեց նա։
Սիրանուշ Դվոյանը երախտագիտություն հայտնեց ԵՊՀ-ին, Իզմիրլյան հիմնադրամին և ծրագրի մասնագիտական թիմին՝ ընդգծելով նրանց ակտիվ համագործակցությունը։ Նա շեշտեց համակարգի միջազգային ճանաչման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրա ներդրման իրավական մեխանիզմները կմշակվեն մոտ ապագայում։
«Միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան չափորոշիչները կմշակվեն մինչև այս տարվա վերջ։ 2025 թվականի առաջին կիսամյակում կձևակերպենք առաջադրանքները և կստեղծենք հարթակը։ Այնուհետև կանցկացնենք ամբողջ համակարգի փորձարկումը, ինչը թույլ կտա համապատասխան մասնագետների օգնությամբ բացահայտել խնդիրները և լուծել դրանք»,— նշեց Լեզվի կոմիտեի նախագահը։
Իզմիրլյան հիմնադրամի երկրի տնօրեն Արմեն Չոբանյանը երախտագիտություն հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ արդյունավետ համագործակցության և ծրագրերի համատեղ իրականացման համար։
«Կրթությունը թերևս մեր հիմնադրամի ռազմավարական նպատակներից ամենակարևորն է։ Չնայած հայերենն աշխարհի ամենահին լեզուներից է՝ մենք չունենք լեզվի իմացությունը գնահատելու չափելի գործիք։ Այս ծրագիրը կարևոր է նաև տնտեսության համար, քանի որ փոփոխվող աշխարհում աճում է օտար լեզուների իմացության և օտարերկրյա աշխատուժի պահանջարկը, ինչը բնորոշ գործընթաց է զարգացած տնտեսությունների համար»,— ընդգծեց Արմեն Չոբանյանը՝ շեշտելով ծրագրի կարևորությունը տնտեսական զարգացման տեսանկյունից։
Ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Լեզվի կոմիտեն՝ Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում
Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է ԵՊՀ գրադարանի առաջին հարկը

Հատուկ կարիքներով երեխաների համար սպորտի և ֆիզիկական ակտիվության հասանելիության ապահովում