
Սոցիալական ներառում և հզորացում
Ներառականություն, ինքնուրույնություն և նոր հնարավորություններ

Ներառական համայնքներ և սոցիալական աջակցություն
Ազգային առաջնահերթություններին համահունչ և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ սերտ գործընկերությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը 2023 թվականին մեկնարկել է իր առանցքային ծրագիրը՝«Աջակցություն սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին. Ալիս Դյումուլեն Իզմիրլյանի անվան համայնքային փոքր խմբային տներ»։
Այս նախաձեռնությունը լուծում է սոցիալական պաշտպանության համակարգի ամենակարևոր բացերից մեկը՝ աջակցելով հաստատութենական խնամքից ինքնուրույն կյանք անցնող երիտասարդներին։ Այն ապահովում է անվտանգ, համայնքահեն բնակարանի և անհատականացված աջակցության ծառայությունների հասանելիություն մինչև 160 անձի համար՝ 18 տարեկան և բարձր, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց ընտանիքներ և ունեն շարունակական մասնագիտական ուղղորդման կարիք։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են.
- Համայնքահեն ապրելակերպի ընդլայնում։ Կառուցվում կամ ամբողջությամբ վերանորոգվում, կահավորվում և հագեցվում է վեց համայնքային փոքր խմբային տուն՝ միասնական, բարձրորակ դիզայներական չափանիշով։ Զուգահեռաբար գործառնական աջակցություն է տրամադրվում չորս գործող տների՝ ապահովելով անվտանգ, կայուն և արժանապատիվ կենսապայմաններ շուրջօրյա պետական խնամքի հաստատություններից դուրս եկող անձանց համար։
- Մասնագիտական խնամքի կարողությունների ամրապնդում։ Նպատակային կարողությունների զարգացման ծրագրեր են իրականացվում աջակցվող տներում աշխատող առողջապահության և սոցիալական խնամքի մասնագետների համար։ Յուրաքանչյուր շահառուի համար մշակվում են անհատականացված առողջապահական և սոցիալական խնամքի պլաններ՝ բարելավելով հիմնական ծառայությունների հասանելիությունը և երկարաժամկետ բարեկեցությունը։
- Սոցիալական ներառման և ընդունելության խթանում։ Ընդունող համայնքներում իրականացվում են հանրային իրազեկման և վարքագծի փոփոխության արշավներ՝ խթանելու փոխըմբռնումը, նվազեցնելու խարանը և ձևավորելու ներառական վերաբերմունք հաստատութենական խնամքից դուրս եկող անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։
- Ինքնուրույն կյանքի հնարավորություն։ Բնակիչներն օգտվում են կենսական հմտությունների համապարփակ ուսուցումից և զբաղվածության հնարավորություններից՝ ստանալով ինքնուրույն կյանքին վստահ և կայուն անցման համար անհրաժեշտ գործիքները։

Աջակցություն հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և ընտանիքներին
«Իզմիրլյան» հիմնադրամը երկարամյա հանձնառություն ունի բարելավելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակը ամբողջ Հայաստանում։
- Երկարաժամկետ խնամք և վերականգնում։ Ավելի քան 18 տարի շարունակ տարեկան ավելի քան 115 երեխա օգտվում է «Մարի Իզմիրլյան» խնամքի կենտրոնի ծրագրերից։ Միջամտությունները ներառել են շենքային վերանորոգումներ, կենսապայմանների բարելավում և հատուկ վերականգնողական կենտրոնի ստեղծում՝ զարգացման, կրթական և թերապևտիկ կարիքները հոգալու համար։
- Հասանելիության ընդլայնում գործընկերությունների միջոցով։ «Ակունք» հիմնադրամի, «Արաբկիր» հիմնադրամի և «Քայլ առաջ» ՀԿ-ի նման գործընկերների հետ համագործակցությամբ շուրջ 1 000 հատուկ կարիքներ ունեցող երեխա օգտվել է նպատակային փոքր դրամաշնորհային նախաձեռնություններից։ Այս ծրագրերը բարելավել են օժանդակ տեխնոլոգիաների հասանելիությունը, ամրապնդել կենսական հմտությունները, խթանել տնտեսական հնարավորությունները՝ հատկապես աուտիզմ ունեցող երիտասարդների շրջանում, և առաջ մղել սոցիալական ներառումը։
- Ծնողների և խնամողների հզորացում։ Ամեն տարի ավելի քան 300 ծնող ստանում է մասնագիտացված ուսուցում օժանդակ և հարմարեցված սարքերի օգտագործման ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս տանը երեխաներին ավելի արդյունավետ և վստահ խնամել։
Ծառայության մեծարում և դիմակայունության ամրապնդում
Հիմնադրամը կանգնած է նաև հակամարտությունից տուժած ընտանիքների և անհատների կողքին՝ տրամադրելով շարունակական և իմաստալից աջակցություն։
- Աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին։ 10 տարվա ընթացքում Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների 30 000 անդամ ամսական ֆինանսական աջակցություն է ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ գործընկերության միջոցով։
- Վիրավոր վետերանների հզորացում։ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցությամբ 41 վիրավոր պատերազմի վետերան ամրապնդել է իր մասնագիտական և տնտեսական հեռանկարները՝ մասնագիտական կողմնորոշման, արհեստագործական ուսուցման և բիզնեսի զարգացման աջակցության միջոցով, ինչն օգնում է նրանց վերականգնել ինքնուրույն և արժանապատիվ կյանքը։






