
Արցախի փոքր և գերփոքր ձեռնարկությունների քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում
Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո բազմաթիվ միկրո և փոքր ձեռնարկատերեր ստիպված եղան Հայաստանում վերականգնել իրենց բիզնեսներն ու ապրուստի միջոցները՝ կորցնելով ակտիվները, ձևավորված հաճախորդների ցանցերն ու մատակարարման շղթաները։ Նրանք նաև դժվարություններ ունեին ֆինանսավորման հասանելիության, նոր գործարար միջավայրում կողմնորոշվելու և իրենց բիզնեսները շուկայի նոր պայմաններին հարմարեցնելու հարցում։ Նրանց տնտեսական ինտեգրմանն ու երկարաժամկետ դիմակայունությանն աջակցելու համար «Իզմիրլյան» հիմնադրամը «Արցախ յունիոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացրել է «Արցախից տեղահանված միկրո և փոքր ձեռնարկատերերի քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում» ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն էր ամրապնդել Արցախի բռնի տեղահանված բնակիչների կողմից հիմնված և Հայաստանով մեկ գործող բիզնեսների տնտեսական կայունությունն ու մրցունակությունը։

